Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 25-ին հրամանագիր է ստորագրել 154 բանտարկյալների ներում շնորհելու մասին։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, հրամանագրում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար դատապարտված անձինք։ Դրա մասին ասված է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։
Զեկույցում նշվում է նաև, որ վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների տագնապալի աճ է գրանցվել:
Առանձնապես հալածաքների են ենթարկվել անկախ լրատվամիջոցները՝ հանձին Abzas Media-ի, Toplum TV-ի, Kanal 11-ի և Kanal 13-ի ներկայացուցիչների, քաղաքական շարժումները՝ հանձին III Republic Platform-ի, աշխատանքային իրավունքների խմբերն ու այլ կազմակերպություններ, հանձին՝ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի:
Նշվում է, որ վերոնշյալ անձնացից շատերի խափանման միջոցը բազմիցս երկարացվել է։ Եվրամիությունը շարունակում է Ադրբեջանին կոչ անել՝ ազատ արձակել բոլոր բանտարկյալներին՝ իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար և կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ, ներառյալ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավական ծառայություններին:
Մենք հատկապես մտահոգված ենք Գուբադ Իբադօղլուի և Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակով։
«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովի (COP 29) ուշադրության կենտրոնում է, որը նոյեմբերին կհյուրընկալի Ադրբեջանը: COP 29-ը Ադրբեջանի համար հնարավորություն է վերահաստատելու իր հավատարմությունը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և պայմաններ ստեղծելու ազատ և անկախ քաղաքացիական հասարակության գործունեության համար:
Սա համահունչ է նաև Ադրբեջանի՝ որպես Արևելյան գործընկերության անդամ ստանձնած պարտավորություններին»,-նշված է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Եվրամիությունը հանձնառու է շարունակելու երկխոսությունն Ադրբեջանի հետ ԵՄ-ի հետ համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:





























