Իրանի նախագահի` մամուլի հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման «նյութերի տարածման համար, որոնք խոչընդոտում են իսլամական արժեքներին», եւ ես 6 ամսվա ազատազրկման «հասարակական բարոյականության խախտման» համար: Այդ մասին նոյեմբերի 20-ին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Դատարանի որոշմամբ, Ջավանֆեքրը, ով անցյալ տարվա հունվարից մինչեւ վերջին ժամանակաշրջանը գլխավորում էր իրանական ԻՌՆԱ գործակալությունը, 3 տարի ժամկետով զրկվել է հրատարակչական եւ լրագրողական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այդուհանդերձ, նա հնարավորություն ունի 20 օրվա ընթացքում բողոքարկել դատարանի վճիռը:

Իրանական դատարանը օրենսդրության խախտում է համարել «Խաթուն» թերթի հրապարակումները, որի գլխավոր խմբագիրը Ջավանշիրն էր: Թերթի հրապարակումներից մեկում ներկայացվել էր հարցազրույցը ԻԻՀ-ի նախագահի` մշակութային հարցերով նախկին խորհրդական Մեհդի Կալխորի հետ: Նա մասնավորապես քննադատության էր ենթարկել կանանց հագուստի մեջ սեւ գույնի գերակշռությունը: Հարցազրույցում ասվում էր, որ այդ գույնը Իրան է եկել շահական տիրապետության օրոք, Եվրոպայից: Հենց սեւ կոստյումներ էին հագնում եվրոպացիները «երեկույթներին մասնակցելու համար»: Բացի այդ, «Խաթուն» թերթը տեղադրել է հայտնի մարզիկների եւ դերասանների լուսանկարներ, ինչպես նաեւ ծաղրանկարներ, որն էլ դատավորները գնահատել են որպես «իսլամական արժեքների խախտում»:

Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ իշխանությունները փակել են «Էթեմադ» ռեֆորմիստական թերթը: Ներքաղաքական պայքարի ուժեղացումը սկսվում է 2012-ի մարտի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: