Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 20-ին, Լոս Անջելեսում այցելել է Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնoրյա պատարագին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ երկրի ղեկավարը հանդիպել է թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ներդրումը հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Արցախին սատարելու գործում:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: