Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին կցանկանար շարունակել բանակցությունները Թեհրանի հետ իսլամական հանրապետության նոր նախագահի ընտրություններից հետո՝ գտնելու համար իրանական միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական լուծումը։

«Իմ թիմը ուղեւորվել էր Իրան տեխնիկական բանակցությունների համար, երբ տեղի ունեցավ [Իրանի նախագահի ուղղաթիռի] աղետը։ Սգո հասկանալի շրջանից հետո ես հուսով եմ, որ այդ բանակցությունները կշարունակվեն։ Ես հուսով եմ, որ ընտրություններից հետո պարզ կդառնա, թե ով է կանգնելու ղեկի մոտ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ես նախկինի պես ցանկանում եմ դիվանագիտական լուծում։ Եթե բացառեի այդ տարբերակը, միակ ելքը կլիներ ռազմականը, իսկ դրան ես չեմ գնա։ Սակայն անորոշությունը կարող է վերաճել մի ինչ-որ լուրջ բանի, եթե այն չվերացվի»,- ընդգծել է Գրոսին Der Standard թերթի հարցազրույցում։

ԱԷՄԳ ղեկավարը նաեւ նշել է, որ «տեխնիկական տեսակետից» Թեհրանը կարող է արտադրել ուրան զենքի համար, եւ խոստովանել է, որ «նոր [իրանական] ցենտրիֆուգները անհամեմատ ավելի արդյունավետ եւ հզոր են նրանցից, որոնք պարզվել են հին համաձայնագրերի շրջանակում»։ Նրա խոսքով՝ գործակալության պատվիրակությունը «կցանկանար քննարկել» այդ հարցը իրանական կողմի հետ։