Ախթալայում վերջերս կառուցված ոտքի կամրջով միայն սննդի հարցն է որոշակիորեն լուծվել. Մադանով անցնող այլընտրանքային ճանապարհով էլ մարդատար մեքենաներով հնարավոր չէ երթևեկել: Մարդիկ մեքենաներով քաղաքից դուրս գալ դեռևս չեն կարողանում: Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ խանութների սեփականատերերն էլ դեռևս այնքան սնունդ են բերում, որքան հնարավոր է ձեռքով անցկացնել կամուրջը և հասցնել խանութ:
«Եթե մարդը, օրինակ, պետք է Ալավերդի կամ Երևան գնա, իր մեքենայով հասնում է ոտքի կամրջի մոտ, ոտքով անցնում կամուրջը, և գետի մյուս ափին այլ մեքենա փնտրում: Մադանով անցնող այլընտրանքային ճանապարհը միայն վիլիսների համար է: Անտառային այդ ճանապարհով մարդատար մեքենաները չեն կարող երթևեկել»,-պատմում է Տեր Հեթումը՝ հավելելով, որ օրեր առաջ, երբ Գնել Սանոսյանը գնացել էր Ախթալա՝ խնդիրներին ծանոթանալու, քննարկում է եղել նաև կամրջի վերակառուցման մասին, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել:
Ախթալայի հոգևոր հովվի խոսքով, քաղաքում ջրամատակարարումը, գազամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել են, մնացել է՝ ճանապարհի հարցը լուծվի:
«Խանութների սեփականատերերը մատակարարվող մթերքը ձեռքով մոտ 500 մետր բերում են, կամրջի վրայով անցկացնում, հասցնում մեքենային: Ինչքա՞ն սնունդ կարող են այդպես ձեռքով բերել. դժվար է»,-ասում է Տեր Հեթումը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։





























