ՌԴ իշխանությունները մտադիր են շատ բարձր հարկ սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների վրա (ՖԱԵՀ)՝ տարեկան 50 մլն ռուբլու դեպքում, եւ մտցնել հարկահավաքման տոկոսներ, ասել է ՌԴ արդյունաբերողների եւ ձեռներեցների միության (ՌԴ ԱՁՄ) ղեկավար Ալեքսանդր Շոխինը։
«Մինչեւ 22 տոկոս հարկը բարձրացնելու սանդղակը կնպաստի վարչարարության դժվարացմանը եւ այն բանին, որ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները կմտնեն ստվեր, ինչը կհանգեցնի հարկային բազայի անհստակության»,- ասել է Շոխինը ՌԲԿ-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել մեկնարկային շեմը հարկի բարձրացման համար, որն իշխանությունները սահմանել են տարեկան 2,4 մլն ռուբլու չափով։ Շոխինը նշել է, որ այս տարբերակը կհանգեցնի «բարձրորակ աշխատողների, ինժեներների եւ այլ կարգի զբաղվածություն ունեցողների բեռնվածության աճի, ինչն այնքան էլ չի համապատասխանում հարկման արդարության բարձրացման խնդրին»։
«Չնայած ֆիսկալ բեռնվածության ոչ մեծ աճին, այն, միեւնույն է, զգալի կլինի քաղաքացիների համար»,- ասել է Շոխինը։
Մինչ այդ ֆինանսների նախարարությունն առաջարկել էր ՖԱԵՀ քառաստիճան սանդղակ։ Տարեկան 2,4 մլն եկամուտի դեպքում (ամսական 200 հազար ռուբլի) տոկոսադրույքը կկազմի 15 տոկոս, 5-20 մլն-ի դեպքում 18, 20-50 մլն-ի դեպքում՝ 20 տոկոս, իսկ 50 մլն-ից բարձրի դեպքում՝ 22 տոկոս։ Ընդ որում, ավելացված տոկոսադրույքները կիրառվելու են ոչ թե ամբողջ եկամտի, այլ այն գերազանցող գումարի դեպքում։ Ֆիննախի գնահատմամբ՝ ՖԱԵՀ բարձրացումից միայն 2025թ. բյուջեն կստանա 533 մլրդ ռուբլի։
Որպես «կոմպրոմիսային լուծում» ՌԴ ԱՁՄ ղեկավարն առաջարկել է վերանայել «տոկոսադրույքների քանակի նվազեցման եւ վերին շեմի սահմանափակման հնարավորությունը 18 տոկոսի մակարդակում». 5 մլն-ի դեպքում՝ 13, 5-50 մլն-ի դեպքում՝ 15 եւ 50 մլն-ից բարձրի դեպքում տարեկան 18 տոկոս։
Սա խելամիտ փոխզիջում է, ասել է Շոխինը։ Նա առաջարկել է ամրագրել լրացուցիչ միջոցների նպատակային ծախսի երաշխիքներ, որոնք բյուջեն կստանա ՖԱԵՀ բարձրացումից։ Նրա խոսքով՝ միջոցները պետք է ծախսվեն երեխաների բուժման, բնակկոմունալ տնտեսության արդիականացման եւ սոցիալական խնդիրների լուծման վրա։




























