Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեծ է դեսպանի ներդրումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում: «Այսօր այդ ճանապարհին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել: Ձեր խորհուրդները, առաջարկությունները եւ դիտարկումները մշտապես օգտակար են եղել մեզ համար»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն հայտնելով իր պաշտոնավորման ընթացքում մեր երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքից՝ նշել է, որ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ ուղղված երկրում բարեփոխումների իրականացմանը: Ռաուլ դե Լյուցենբերգերը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս համագործակցելու հայաստանյան իր գործընկերների հետ՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի սերտացնելու նպատակով:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում իրականացրած գործունեության համար:


























