Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությանը։
«Հայաստանի սահմանադրությունում, օրենսդրական ակտերում եւ այլ փաստաթղթերում, որոնք ընդունել է Հայաստանի խորհրդարանը, կան տարածքային հավակնություններ հարեւան պետությունների հանդեպ, այդ թվում Ադրբեջանի»,- ասել է Բայրամովը հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում (մեջբերումը՝ ըստ APA-ի)։
«Սա հայտնի փաստ է, եւ այդ հարցը, իհարկե, ժամանակ առ ժամանակ բարձրացվել է։ Այդ բանավեճի առկայությունը հայ հասարակությունում վկայում է այն մասին, որ ինքը՝ հայկական պետությունը եւ հասարակությունն ընդունում է այդ փաստերի գոյությունն իբրեւ վնասակար իր համար։ Որոշ դեպքերում բանակցային գործընթացում, երբ մեջտեղ են գալիս չհամապատասխանող, եթե կարելի է այդպես արտահայտվել, պահեր Հայաստանի համար, ձեռնարկվում են արհեստականորեն հայելային էֆեկտ ստեղծելու փորձեր, անգամ եթե դա անալոգներ չունի Ադրբեջանում»,- նշել է ադրբեջանցի նախարարը (մեջբերումը՝ ըստ APA-ի)։
«Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի փորձերը՝ զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանադրությունների միջեւ, մեղմ ասած, հեռու են ճշմարտությունից եւ անընդունելի են. «Ադրբեջանի սահամանադրությունը եւ այլ օրենսդրական ակտերը չեն պարունակում տարածքային հավակնություններ հարեւան պետությունների եւ Հայաստանի հանդեպ։ Ուստի, զուգահեռներ անցկացնելու փորձերը այս հարցում անընդունելի են։ Ցավոք, նման միտումներ մենք տեսնում ենք ոչ առաջին անգամ»։ Ջեյհուն Բայրամովը նաեւ նշել է, որ ադրբեջանական օրենսդրությունում ակնհայտորեն բացակայում են նման պահերը. «Դա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, եւ ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները։ Կարծում եմ, որ իրենք՝ հայկական իշխանություններն էլ գիտեն, որ դա հիմնավորված չէ»,- տեղեկացրել է պարբերականը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը անկախության վերականգնման հռչակագրի եւ սահմանադրության համապատասխան ոչ թե Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է, այլ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության, որը հավակնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքին։ Ցայսօր Ադրբեջանի բոլոր պաշտոնական կայքերում «պատմություն» բաժնում հիշատակվում է «Իրեւանի հանձնման» մասին։ Այդ ամենը, Բայրամովի տարբերակով, «տարածքային հավակնություն» չէ։ Փաստորեն, ադրբեջանական իշխանությունները մանիպուլացնում են հասկացություններով։





























