Ձմռան ամիսներին սպառած գազի սակագինը հնարավոր է վճարել հավասարաչափ մարումով։ Նոյեմբերի 21-ին վճարումների այս նոր մեխանիզմի մասին համաձայնագիր է կնքվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի եւ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի միջեւ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի ծառայությունից, «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանի խոսքով՝ նախագծի գաղափարը հետեւյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծերից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հավասարաչափ մարումներով՝ այդպիսով թեթեւացնելով ձմռան ամիսների ֆինանսական ձանրաբեռնվածությունը։ Այսինքն՝ բաժանորդը տարվա բոլոր ամիսներին վճարում է միեւնույն ֆիքսված գումարը բանկին, իսկ գազի սպառման դիմաց վճարը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-֊ին կատարում է բանկը։
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը նշել է, որ այս նախաձեռնությունը կարող է լայն կիառում ստանալ: «Մենք արդեն իրականացրել ենք պիլոտային ծրագիր Հայաստանի տարածաշրջաններից մեկում: Հաշվի առնելով ծրագրի արդյունքները՝ կարող ենք ասել, որ սպառված բնական գազի դիմաց վճարումների այս եղանակից կօգտվեն ոչ միայն տնային տնտեսությունները, այլ նաեւ գազ սպառողների այլ խմբեր»:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ի վարկային գիծը բացվում է հաճախորդի բանկային հաշվին: Տվյալ ծառայությունից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տրամադրում է ArCa տեսակի «ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ» պլաստիկ քարտեր, որոնց հետ համատեղ տրամադրվող վարկային միջոցները հնարավոր է օգտագործել միայն սպառված գազի դիմաց ամսական վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային միջոցները տրամադրում է միայն ֆիզիկական անձանց: Վճարումները կատարվում են ավտոմատ եղանակով՝ առանց բաժանորդի կողմից լրացուցիչ միջամտության:
«Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձմռան ամիսներին բնակիչներն ունենում են կոմունալ վճարումներ կատարելու խնդիր եւ այն լուծելու համար որոշեցինք համագործակցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, վարկային տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Նշենք, որ սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմից օգտվելու համար «ՀայՌուսգազարդ»-ի բաժանորդները կարող են դիմել նշված բանկերի ցանկացած մասնաճյուղ:



























