Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեի հայտարարությունը Թուրքիայում կարելի է բացատրել կամ չիմացությամբ, կամ ավելի ծանր հանգամանքով, որ նա արտահայտում էր իր երկրի պաշտոնական տեսակետը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի եվրոպական գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանը:
«Նախարարը պետք է իմանար, որ 1915-ի վերաբերյալ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումն արդիական հարց չէ: Սակայն նախարարի հայտարարությունը ֆրանսիական քաղաքականության վայրիվերումների հետեւանք էր»,- հայտարարել է Չոբոյանը:
Ըստ Չոբոյանի, դա չի նշանակում, որ նման վարմունքը ներելի է: «Հայ համայնքի վերաբերմունքը պետք է վճռական լինի, քանի որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության նկատմամբ տարաձայնություններ չպետք է լինեն: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ետքայլն այդ հարցում եւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկը հարիր չէ ժողովրդավարական Ֆրանսիային»,- նկատել է Չոբոյանը:
Հարցին, թե որքանով է հնարավոր, որ Ֆրանսիայի նախագահը կփորձի փրկել իրավիճակը` հակառակ հայտարարությունն անելով, Չոբոյանն ասել է, թե Հայաստանում արած հայտարարություններից հետո Սարկոզին պարզապես պարտավոր է փրկել իրավիճակը, եթե ցանկանում է ստանալ հայ համայնքի ձայները: «Շատ ենք ուզում ցանկանալ, որ Սարկոզիի ելույթները Ֆրանսիայում հայ համայնքի առջեւ եւ Երեւանում արտահայտում էին նրա սկզբունքային մոտեցումն այդ հարցին, սակայն եթե դա այդպես չէ եւ նա ուղղակի ցանկանում էր նվաճել հայ համայնքի համակրանքը, պետք է հայտարարություն անի»,- նկատել է Չոբոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն նոյեմբերի 18-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են տանում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ։
Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում, թուրքական լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ժյուպեն եւ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար, հավելել է, թե Ֆրանսիան կարող է կազմակերպել նման հանդիպում:




























