Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 21-ին, Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ, որի ժամանակ վերջինս շնորհավորել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հիմնադրման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանն ասել է, որ Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումն երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման եւ ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում: Նախարարը կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի զարգացմանը Նիդերլանդների կողմից ցուցաբերվող աջակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային կազմակերպության եւ Համաշխարհային բանկի շրջանակներում:
Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել:
Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Նիդերլանդների ԱԳ նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:
Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափում ընթացող համագործակցության շուրջ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ներկա է գտնվել Հաագայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը: Իր խոսքում նա նշել է. «Հայ-հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից՝ սկսած 4-րդ դարում Սուրբ Սերվանտիուսի կողմից Նիդերլանդներում քրիստոնեության տարածումից, հայ վաճառականների կողմից Նիդերլանդներ կակաչի ներկրումից, 360 տարի առաջ Ամստերդամում հայկական տպագրատան հիմնումից, հայերեն լեզվով առաջին Աստվածաշնչի տպագրումից եւ այս երկրում հայ համայնքի հաստատումից:
Դա եղել է անցյալում, իսկ այսօր Նիդերլանդներում բացվում է անկախ Հայաստանի դեսպանություն, եւ բարձրացվում է Հայաստանի դրոշը: Մեր դարավոր հարաբերությունների պատմության մեջ այս օրը մարմնավորում է նոր սկիզբ»:
Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունը կարեւոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդերլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում:
Խոսելով հոլանդահայ համայնքի մասին` նախարար Նալբանդյանը կարեւորեց նրա դերը` որպես երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ:
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին եւ պատասխանել նրանց հարցերին:



























