Բնապահպան Սիլվա Ադամյանի կարծիքով, Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղը գլոբալ տաքացման հետևանք էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սիլվա Ադամյանը պատմում է, որ գլոբալ տաքացման հնարավոր հետևանքների և դրանց պատրաստվելու մասին բազմիցս խոսվել է, սակայն ցավով նշում է, որ Հայաստանում և՛ նախկինում, և՛ հիմա մատների արանքով են նայում կլիմայական փոփոխություններին:
«Պետությունը պետք է այնպես աներ, որ գլոբալ տաքացման հետևանքով կրած վնասը նվազագույնի հասցվեր: Լոռու մարզում գետի երկայնքով անգամ պաշտպանիչ պատնեշներ չկան տեղադրված: Ալավերդիում նախքան աղետն էլ խայտառակ վիճակ էր: Տարիներով ո՛չ ճանապարհներն էին վերանորոգվում, ո՛չ ճամփեզրիին պատնեշներ էին կառուցում: Այդ անմխիթար իրավիճակում, մենք ուզու՞մ էինք, որ ջուրը գա, ու ամեն ինչ չքշի՞ տանի: Հիմա տարիներ են պետք, մեծ ջանքեր ու ֆինանսներ, ավերումների հետևանքները վերացնելու համար: Բացի այդ, գետի շուրջ գտնվող ծառերը, որոնք կարող էին պատնեշ հանդիսանալ ջրի համար, հատվում էին: Ջուրն այլևս խոչընդոտ չուներ իր առջև: Պարզ էր, որ տիղմն ու կավի շերտը պետք է տաներ ու լցներ բնակավայրեր»,-պարզաբանում Է Սիլվա Ադամյանը:
Բնապահպանի խոսքով, աղետի գոտիներում բերի հողը վնասված է. պետք է շտապել և մաքրել կուտակված տիղմը:
«Եթե տիղմն ու կավի շերտերը երկար ժամանակ գտնվեն հողի բերրի շերտի վրա, կչորանան ու կվնասեն բերրի շերտը, իսկ գյուղացիներն իրենց այգիներից ստացած բերքով են ապրում: Եթե մաքրման աշխատանքները արագ չիրականացվեն, գյուղացիները մեծ խնդիրների առջև կկանգնեն: Եթե մենք լինեինք եվրոպական զարգացած երկիր և ունենայինք մաքրման համար համապատասխան տեխնիկա, ընդամենը մի քանի ամիս կպահանջվեր աղետի գոտիները մաքրելու համար: Սակայն իմանալով Հայաստանի հնարավորությունները, բյուջեն, տեխնիկան՝ կարող եմ ասել, որ երկար ժամանակ կպահանջվի միայն մաքրման համար»,-ասում է նա:
Բնապահպանի խոսքով, հաջորդ կարևորագույն խնդիրը անկած կենդանիների մարմինները գետից և հարակից տարածքներից հանել է, որովհետև դրանք կարող են տարբեր համաճարակային հիվանդությունների պատճառ դառնալ: Նա շեշտում է՝ դա թե՛ բնապահպանության, թե՛ առողջապահության տեսանկյունից կարևոր խնդիր է:
«Դեբեդի ջրի որակը պետք է պարբերաբար ստուգվի և գետը, ի վերջո, մաքրվի»,-հավելում է բնապահպանը:




























