Չափազանց կարևոր էր Մ-6 ճանապարհի երթևեկության վերականգնումը՝ հաշվի առնելով, որ բոլորիս աշխատանքն է հեշտանում՝ կապի ու ժամանակի առումով, և՛ մեր բնակչության ազատ տեղաշարժն է ապահովվում: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, աղետի գոտիներում իրականացվող աշխատանքների հերթական ամփոփման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հիշեցնելով, որ երեկվանից Մ-6 ճանապարհը բաց է տրանսպորտի երթևեկության համար:

«Իհարկե, խնդրել ենք, որ վարորդները զգույշ լինեն՝ հաշվի առնելով, որ մի շարք հատվածներ վնասված են: Թեև փորձել ենք կահավորել և շարունակում ենք այդ գործընթացը, բայց այնուամենայնիվ, կխնդրենք ուշադիր երթևեկել»,-հավելեց նա:

«Ամենակարևորը՝ երկաթգծի աշխատանքի վերականգնում էր Այրումի կայարանում. մենք 22 վագոն վառելիք էինք ստացել, արդեն դատարկել ենք: Վագոնները վերադարձել են Վրաստան՝ նորից բեռնվելու և ժամեր անց Հայաստան վերադառնալու համար: Երկաթուղու մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ շուտով կկարողանանք երկաթուղու աշխատանքն ամբողջովին վերականգնել»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ Ալավերդու շատ հատվածներ տիղմից և կեղտից մաքրված են, Քարկոփում նաև մասնակի վերականգնվել է էլեկտրամատակարարումը, որոշ հատվածներում ՝ ջրամատակարարումը: Երեկ Քարկոփում տեղադրվել է հետիետնային կամուրջ: Գնել Սանոսյանի խոսքով, առաջիկա օրերին կփորձեն Ախթալայի կամրջով թեկուզ միակողմանի երթևեկություն ապահովել:

Անդրադառնալով վնասի գույքագրման աշխատանքներին, Գնել Սանոսյանն ասաց, որ  աշխատանքները շարունակվում են, և շուտով հնարավոր կլինի հաշվել ընդհանուր վնասի չափը և սկսել աշխատել վնասի փոխհատուցման ծրագրերի ուղղությամբ:

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ տարբեր նախարարություններ և գերատեսչություններ ներգրավվել են, որպեսզի վնասների փոխհատուցման աշխատանքները սկսեն իրականացվել: Այսօր Երևանում մեկնարկել է նիստ, որտեղ քննարկվում են մեր կատարած աշխատանքները, և վնասի փոխհատուցման ծրագրերի  մասին առաջարկները»,-հավելեց նա:

«Մեր Առողջապահության տեսչական մարմնի գործընկերներն են ակտիվ աշխատում, որպեսզի ըստ անհրաժշետության կարողանան դեղերով ապահովել մարդկանց, նրանց առողջական վիճակը գնահատել,  և վերահսկել սանիտարահամաճարակային իրավիճակը:

Անդրադառնալով աղետի հետևանքքով փլուղված կամուրջների վերակառուցման աշխատանքներին, Գնել Սանոսյանն ասաց, որ դա ժամանակատար է, այդ պատճառով էլ ժամանակավոր լուծումներ են փնտրում: Նրա խոսքով, մտածում են  Խաշթառակում նման ժամանակով կամուրջի տեղադրման  մասին:

Հարցին ի պատասխան, թե Դեբեդի մաքրման աշխատանքները երբ կմեկնարկեն, Գնել Սանոսյանն ասաց.

«Որքան էլ աղետի մեղավորը Դեբեդն է, նաև դա հետևանք է երկար տարիներ վատ արված աշխատանքի: Նշել ենք, որ միգուցե, նաև օրենսդրական փոփոխությունների, ֆինանսական  հատկացումների կարիք կա, որպեսզի մենք գետերի հուներով կարողանանք մաքրման աշխատանքներ իրականացնել: Գետերում մեծ քանակությամբ քարեր, աղբ, ծառային զանգված կա: Որոշ դեպքերում կամուրջները վնասվել են հենց կուտակված ծառերի պատճառով»: