Հայ-ադրբեջանական գործընթացի հետ կապված դեռ մի քանի բաց հարցեր են մնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա, հերթական անգամ միջամտելով Հայաստանի ներքին գործերին, դժգոհություն է հայտնել Հայաստանի Սահմանադրության հետ կապված, որն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Ընդ որում, նա լռեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի անթաքույց տարածքային հավակնությունների մասին, որոնք հանգում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությանը։

Ավելին, նա փորձեց վստահեցնել, որ Բաքուն, իբր, երբեք տարածքային պահանջներ չի ունեցել և չունի որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը մնա անփոփոխ, ուղղակի անհնար է»,- եզրափակել է նա։