Ռուս-վրացական պատերազմի մասին իր հայտարարություններով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ոչ միայն  խոստովանել է, որ պատերազմն սկսել է Ռուսաստանը, այլեւ` թե ինչու է դա արել: Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն` ավելացնելով, որ  այդ հայտարարությունը սպառիչ մեկնաբանություն է Վրաստանում բոլոր այն մարդկանց համար, որոնց մինչ օրս հետաքրքրում է, թե ինչ եւ ինչպես է տեղի ունեցել 2008թ. օգոստոսին:

«Այդ հայտարարությունները վախից են արվել: Դա վախով լի պատասխան է այն բանաձեւերին, որոնք ընդունվել են տարբեր  երկրների խորհրդարանների կողմից: Ինձ  ամենաշատը զրամացնում է այն, որ նրանք նույնիսկ չեն կարողանում  հավատարիմ մնալ իրենց քարոզչական կլիշեներին»,-սրանք արդեն Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն են, որը փոխանցում է «Վզգլյադ» պարբերականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նախօրեին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը 2008թ. Կովկասում վճռական գործողությունների չդիմեր, դա կհանգեցներ ՆԱՏՕ-ի սահմանների էական ընդլայնման:  Այս մասին Վլադիկավկազում Հարավային ռազմական շրջանի  սպաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը:

«Եթե մենք 2008թ. անվճռական լինեինք, ապա այժմ  աշխարաքաղաքական այլ դասավորվածություն կլիներ, եւ մի շարք երկրներ, որոնց արհեստականորեն ուզում էին ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինք, ամենայն հավանականությամբ, արդեն այնտեղ կլինեին», -  ասել է Մեդվեդեւը` ընդգծելով, որ Ռուսաստանն անհանգստացած է իր սահմանների մոտ ռազմական բլոկի առկայությունից, որը «որոշակի անհարմարություններ է ստեղծում»: