Եվրոպայում ՀՀՊ-ների ընդլայնման հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունների տապալման դեպքում Ռուսաստանը մտադիր է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրներ տեղակայել մի շարք տարածաշրջաններում: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում  կատարելով  ռազմադիվանագիտական անանուն աղբյուրին:

Lenta.ru-ն նշում է, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե «Իսկանդեր» համակարգեր կարող են տեղակայվել Կալինինգրադում եւ Բելառուսում. հիմա հավանական  հավակնորդների թվում է նաեւ Կրասնոդարի երկրամասը: Գործակալության զրուցակցի խոսքով` «դա թույլ կտա կասեցնել Ռուսաստանի միջուկային ռազմավարական ուժերին ուղղված սպառնալիքները` ԱՄՆ ՀՀՊ-ների տարրերի` մեր սահմանին մոտ տեղակայելու դեպքում»:

Բացի այդ, բացառված չէ, որ Ռուսաստանը կարող է այլ պատասխան միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում`տիեզերական պաշտպանության ստեղծման աշխատանքերի ակտիվացման ուղղությամբ:

Հիշեցենեք, որ Ռուսաստանն առաջին անգամ «Իսկանդեր» համակարգերի տեղակայնման մասին հայտարարել էր 2008թ-ին` որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ-ների տեղակայման  մտադրության: Դրանից հետո ԱՄՆ-ը վերանայել էր իր մտադրությունը, եւ 2009թ. այդ նախագիծը անորոշ ժամկետով դադարեցվել էր: Ռուսաստանը, որպես պատասխան քայլ, դադարեցրել էր «Իսկանդերների» տեղակայումը Կալինինգրադում: