ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը մահոգված է այն դժվարություններով, որոնց վերջին շրջանում բախվում են Ադրբեջանի մի շարք իրավապաշտպաններ եւ ոչ կառավարական կազմակերպություններ: Նման կարծիք է հայտել Համմարբերգը` պատասխանելով Turan գործակալության հարցին:
«Ինձ հատկապես մտահոգում է Բաքվում այն շենքի քանդման փաստը, որտեղ տեղակայված էին մի քանի ՀԿ-ներ, այդ թվում` Ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտը, որի ղեկավարը Լեյլա Յունուսն է»,-ընդգծել է նա: Հանձնակատարի խոսքով`հանգամանքները հիմք են տալիս ենթադրելու, որ դա արվել էր նպատակաուղղված` Յունուսին իր իրավապաշտպան գործունեության համար պատժելու նպատակով: «Ես հորդորում եմ, որպեսզի իշխանությունները հետաքննեն տվյալ փաստերը եւ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, իսկ տուժածներին համապատասխան փոխհատուցում վճարեն ունեցվածքի ոչնչացման համար»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ շենքը քանդվել էր օգոստոսի 11-ի երեկոյան` առանց նախազգուշացնելու նույնիսկ նրանց, ովքեր այդ պահին շենքում էին գտնվել: ՀԿ-ների աշխատակիցները չէին կարողացել դուրս բերել փաստաթղթեր, համակարգիչներ, այլ սարքավորումներ:




























