Միջազգային տիեզերակայանի անձնակազմը, որը 167 օրից ավելի մնացել է տիեզերքում, նոյեմբերի 22-ին բարեհաջող վայրէջք է կատարել ղազախստանյան անապատում: Տիեզերագնացներին տարհանել են տիեզերանավից: Անձնակազմի անդամներ Սերգեյ Վոլկովը,  Մայքլ Ֆոսսումը, Սատոսի Ֆուրուկավան իրենց լավ են զգում:

Նրանք նախնական բժշկական հետազոտության կենթարկվեն շարժական հիվանդանոցում, ինչից հետո նրանց Կուստանայ կտեղափոխեն: Այնտեղից ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը կթռչի Չկալովսկի օդանավակայան: ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Մայքլ Ֆոսսումը եւ ճապոնական ՋԱԿԱՍ-ի տիեզերագնաց Սատոսի Ֆուրուկավան կուղեւորվեն Հյուսթոն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տիեզերագնացների հետ Երկիր են վերադարձել նաեւ դրոզոֆիլ ճանճերը, որոնք գիտնականներին կօգնեն հետազոտել տիեզերքում ԴՆԹ-ի կառուցվածքի վերականգնման գործընթացը:

Հիշեցնենք, Միջազգային տիեզերակայանում այժմ նոր թիմ է աշխատում` տիեզերագնացներ ամերիկացի  Դանիել Բերբենկը, Ռոսկոսմոսից Անտոն Շկապլերովը եւ Անատոլի Իվանիշին: