Հայաստանն իր կողմից քայլեր իրականացնում է, որոնք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին խոսակցությունները այն խոսակցություններն են, որոնք կարող են  լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե իրենք հայկական կողմին առաջարկել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար:

«Եթե մենք խաղաղության պայմանագիր ենք կնքում, իր իմաստը ուղղակի կորում է, որովհետեւ չէ որ նույն Ադրբեջանն ասում է, որ իբր Հայաստանը ինչ-որ նկրտումներ, ինչ-որ պահանջներ  ունի: Խաղաղության պայմանագիրը կկնքենք, հարցը դուրս կգա: Ես կարծում եմ՝ դրա կարիքն էլ չի լինի; Ես չեմ հասկանում, թե ինչու է պետք է ամեն անգամ, երբ արդեն համաձայնություններ ենք ունենում, ինչի համար Ալիեւը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին»,-ասաց նա:

«Լավ կլիներ՝ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե մենք գնում ենք խաղաղության: Պետք է խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ նշի, շեշտի բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, ոչ թե նման բաներից խոսեն»,- ասաց նա և հավելեց, որ նման տորպեդահարումն ընդունելի չէ, և Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին:

Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը սահմանադրությամբ ամրագրված կետով «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից», ինչն անընդունելի է, ԱԺ նախագահն ասաց. «Ես միայն կարող եմ կրկնել ԱԳՆ-ի դիրքորոշումը եւ ասել, որ որեւէ բան չեմ կարող ավելացնել դրան: Սահմանադրությունը մեր ներքին գործն է, մենք վաղուց էինք Սահմանադրության մասին խոսում, բայց ոչ այդ կոնտեքստով: Մենք գլոբալ առումով շատ մեծ փոփոխությունների կարիք ենք տեսել 2018-ից հետո եւ 2020-ին նախաձեռնել ենք:

Ես ուղիղ կապ եմ տեսնում եւ շատ ցավում եմ, որ այն շարժումը, որը այսօր փողոցում է... հարցնում եք՝ ինչո՞ւ, որովհետեւ պետք է իրար ջրաղացին ջուր լցնեն: Սա այն շարժման հետեւանքն է, որը Երեւանի փողոցներում էքսկուրսիաներ է անում»:

Հարցին՝ ի՞նչ կապ ունի շարժումը Ալիեւի պահանջների հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ո՞նց կապ չունի: Տեսեք, մենք Ադրբեջանին ենք փոխանցում 9-րդ խմբագրմամբ առաջարկները, դրանից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ դա դրական է, բայց հիմա իրենք փորձում են օգտվել եւ թուլացնել մեզ այս իրավիճակում: Երբ տեսնում են, որ ներքին ինչ-որ գործընթաց է լինում, պետք է իրար հետ պասերով խաղան: Ես վստահ եմ, որ դրանք նույն տեղից ուղղորդվող գործընթացներ են: Այնտեղից, որտեղից ուղղորդվում է ՀՀ-ում իշխանություն փոխելու ցանկությունը, որոնք զուգորդվել են ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներով: Այնտեղից, որտեղից ուղղորդվում են հանրահավաքների հրավերքները»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ սա իր կողմից քաղաքական հայտարարություն է: