Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ Արցախի լուծարման մեջ մեղադրելով ԱՀ իշխանություններին։

«Մենք ասել ենք, որ գնում ենք՝ «Անջատում հանուն փրկության» ճանապարհով։ ԼՂ-ի անջատում Ադրբեջանից՝ հանուն փրկության․ երբ մենք ասել ենք, որ դա իրագործելու համար նախ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ նենց բում է բարձրացել, էդ Երևանում էսօրվա միտինգ անողներն եկել, ասել են՝ ազգադավներ, ասել ենք՝ Լղ իշխանություններ, գնացեք, Սոֆիայում բանակցեք, Երևանում հիմա միտինգ անող պատգամավորներն ասում էին՝ թուրքեր, սրիկաներ, չհամարձակվեք գնալ ու բանակցել։ Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ, ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, որ իշխանությունը տապալել է կառավարության ծրագիրը, Ալեքսանյանն ասաց․ «Ոչ, կառավարության ծրագիրը չենք տապալել։ Այն, ինչը գրել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի դա իրականանա, ուրիշ բան, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իշխանազավթումը և մնացածը խաթարել են այդ բոլոր պրոցեսները։ Այդ ամեն ինչի արդյունքում իրենց կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ-ի լուծարման հրամանագիրը, որը 120 հազար հոգու դարձրել է փախստական»։