Մինչ Բաքուն պատրաստվում է ընդունել COP29-ը՝ կլիմայական ամենախոշոր միջազգային գագաթնաժողովը, Ադրբեջանի կառավարությունն քաղաքացիական հասարակության մնացորդների դեմ ճնշումներն ակտիվացրել է, գրում է Euractiv-ը։

Ադրբեջանում COP29-ը հյուրընկալելու որոշումը, որը հայտարարվել է 2023 թվականի դեկտեմբերին, կոռուպցիայի բարձր մակարդակի, մարդու իրավունքների վատ վիճակի, հանածո վառելիքից անսասան կախվածության և արտանետումների կրճատման սահմանափակ ծրագրերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ է առաջացրել երկրում:

Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման մոտավորապես 90%-ը և պետական ​​բյուջեի 60%-ը: SOCAR պետական ​​էներգետիկ ընկերությունը Սոցիալական և կլիմայական չափանիշների համեմատական վերլուծության համաշխարհային ալյանսի նավթի և գազի արդյունաբերության վարկանիշում վատագույնների շարքում է:

Միչիգանի համալսարանի պատմության պատվավոր պրոֆեսոր, Հարավային Կովկասի ժողովուրդների հարցերով փորձագետ Ռոնալդ Սունին ընդգծել է Ադրբեջանում իշխանության ռեպրեսիվ բնույթը:

Նա նշել է, որ ըստ Freedom House-ի մարդու իրավունքների սանդղակի, Ադրբեջանը նույնիսկ ավելի ավտորիտար է, քան COP28-ը ընդունած Արաբական Միացյալ Էմիրությունները։ «Ադրբեջանը նույնիսկ միակուսակցական պետություն չէ։ Սա մեկ անձի կամ մեկ ընտանիքի պետություն է»,- նշվում է զեկույցում։

Հակառակ ակնկալիքների, նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը Բաքվում անցկացվելիք բարձր մակարդակի գագաթնաժողովին ընդառաջ ուժեղացրել է բռնաճնշումները անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների նկատմամբ:

2023 թվականի նոյեմբերին Abzas Media-ի գործադիր տնօրեն Ուլվի Հասանլին ձերբակալվել էր «երկիր արտարժույթի մաքսանենգության նպատակով դավադրության» մեղադրանքով։ Abzas Media թիմի դեմ մաքսանենգության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, ներկա պահին ընկերության վեց աշխատակից կալանավորված է։

Ընդսմին Ադրբեջանի ԱԳՆ-ն են կանչվել ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետներ՝ նրանց մեղադրելով Absas Media-ի միջոցով անօրինական ֆինանսական գործարքներին մասնակցելու մեջ։

«YouTube» հեռուստաալիքի «13-րդ հեռուստաալիք»-ի տնօրեն Ազիզ Օրուջևը ինքնակամ շինարարության մեջ մեղադրանքով կալանավորվել է նոյեմբերի 29-ին և ձերբակալվել, նրան սպառնում է 3 տարվա ազատազրկման։

Ձերբակալությունների ալիքը շարունակվել է 2024 թվականի մարտին, երբ մաքսանենգության մեղադրանքով կալանավորվել է հայտնի ադրբեջանցի մեդիա փորձագետ և Toplum հեռուստաընկերության հիմնադիր Ալեսքեր Մամեդլին։ Միաժամանակ դատարանը նույնատիպ մեղադրանքներով չորս ամսով կալանավորել է Toplum հեռուստաընկերության չորս լրագրողի։

Բացի դրանից, մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են «Երրորդ հանրապետության պլատֆորմի» դեմոկրատական ​​խմբի խորհրդի անդամներ Ակիֆ Գուրբանովը և Ռուսլան Իզզաթլին։

Բաքվի օդանավակայանում ապրիլի 18-ին մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է meclis.info պաշտպանական նախաձեռնության հիմնադիր Իմրան Ալիևը։

Մեկ այլ դեմոկրատ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ և Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության հետազոտական ​​կենտրոնի (EMDC) ղեկավար Անար Մամեդլին ձերբակալվել է ապրիլի 29-ին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անցկացված մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը արդարացրել է շարունակվող բռնաճնշումները։ «Եթե կա մեդիա հարթակ, որն ապօրինի միջոցներ է ստանում դրսից և գտնվում է հետաքննության տակ, դա չի նշանակում, թե Ադրբեջանում լրատվամիջոցներն ազատ չեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը ժողովրդավարական սկզբունքների և խոսքի ազատության հարգման միջազգային վարկանիշում կայուն անկում է գրանցել: 2024 թվականին Freedom House-ը Ադրբեջանը ներառել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ Ազատության համաշխարհային ինդեքսում 100 միավորից յոթ միավոր տալով։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ամենամյա ինդեքսում երկիրը 180 երկրների մեջ ներկայում զբաղեցնում է 164-րդ տեղը։

Բռնաճնշումները չեն սահմանափակվում միայն անկախ լրատվամիջոցներով և հասարակական կազմակերպություններով։ Մայիսին Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) առաջարկել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող ոտնահարումներին Բաքվի մասնակցության համար Ադրբեջանն անվանի «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր»:

Ըստ քաղբանտարկյալների վերջին ցանկի՝ 254 անձ դատապարտվել է քաղաքական դրդապատճառներով։

Ընդսմին ադրբեջանական պետական ​​լրատվամիջոցները Արևմուտքին մեղադրում են հարևան Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ առաջարկվող բողոքի ցույցերի համար:

Ըստ այդ լրատվամիջոցների՝ մինչ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պայքարում է երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար, Արևմուտքը ձգտում է Վրաստանն օգտագործել որպես վահան՝ հեղափոխական տեխնոլոգիաները Ադրբեջան և այլ երկրներ փոխանցելու նպատակով։

Իշխանամետ լրատվամիջոցների արձագանքը զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ փոփոխել են հասարակական կազմակերպությունների օրենսդրությունը, ինչը միտված է երկրում սահմանափակելու օտարերկրյա ֆինանսավորումը և օտարերկրյա դոնորների գործունեությունը:

Հակառակ տեղական և միջազգային կազմակերպությունների բազմիցս հնչեցրած կոչերին՝ Բաքվի իշխանությունները չեն հանել բազմաստիճան գրանցման սահմանափակող պահանջները։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանելուց և Եվրամիության երկրներում ադրբեջանական էներգիայի աճող կարիքից պայմաններում Ալիևի կառավարությունը թերևս կշարունակի անպատժելիորեն ճնշել քաղաքացիական հասարակությանը՝ շնորհիվ օրեցօր ամրապնդվող իր լեգիտիմության: