Հայ եւ թուրք գործարարները համագործակցության հուշագիր են ստորագրել: Երեւանում նոյեմբերի 22-23-ին ընթացող Հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների արդյունաբերողների միջեւ կապերի աշխուժացում, ինչպես նաեւ գործարար կառույցների լոբբինգ հայ-թուրքական սահմանի բացման հարցում:
Հայկական կողմից այդ առաջադրանքը կկատարի Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, թուրքական կողմից` Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC): Այս երկու կազմակերպությունները նշված հարցերում համագործակցում են արդեն մի քանի տարի, ինչպես նաեւ գործընկերներ են USAID «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը» ծրագրի շրջանակներում:



























