Քալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի  տրանսպորտի դեպարտամենտների աշխատակիցները նշել են Բազմազանության օրը. հայկական մշակույթը նույնպես  ներկայացվել է մյուս էթնիկ մշակույթների ցուցանմուշների կողքին, տեղեկացնում է «Asbarez»-ը:

Հայկական ցուցադրությունը կազամակերպվել է նշված երկու դեպարտամենտների հայ աշխատակիցների կամավորների խմբերի շնորհիվ:  Ներկայացվել են հայկական այբուբենը, քարտեզներ, պատկերագրքեր եւ այլն: Այցելուները կարողացել են ծանոթանալ հայկական մշակութային ժառանգության նմուշներին, լսել հայկական երաժշտություն:

Այս տարի միջոցառման կազմակերպիչը եղել է Քալիֆորնիայի տրանսպորտի դեպարտամենտի աշխատակից, տրանսպորտային ինժեներ Պարգեւ Կարապետյանը: Սա չորս տարվա ընթացքում երրորդ անգամն է, երբ հայկական մշակույթը ներկայացվում է Բազմազանության օրը:

Այցելուները հնարավորություն են ունեցել շատ բան իմանալ Հայաստանի եւ հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին: Հայկական երաժշտությունը ներկայացրել է «Էլեմենտ» խումբը, որի կատարումները ջերմությամբ են ընդունվել ներկաների կողմից: