Որեւէ անհանգստություն չկա, սովորական հանրահավաք է, այսպիսի հանրահավաքներ տասնյակ, հարյուր անգամ եղել են վերջին տարիների ընթացքում, ավելի մեծ ու ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ հանրահավաքներ են եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ մարդ է հավաքված, մինչդեռ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացած ԱԺ-ի մոտ, արդյոք անհանգստացած է իշխանությունը եւ ինչից:

«Ոստիկանությունը միշտ կարողացել է իր առջեւ դրված խնդիրները բավականին հանգիստ ռեժիմում լուծել: Սա հերթական հանրահավաքներից մեկն է:

Եթե իրավապահները գտել են, որ այսքան ուժեր պետք է ներգրավեն, ուրեմն անհրաժեշտ է այդպես անել»:

Հարցին՝ արդյոք իշխանությունը ցանկանում է այդկերպ վախի մթնոլորտ ստեղծել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում մարդ կա, որ վախենում է իշխանության ներկայացուցիչ ոստիկանից: Մեր ոստիկանությունը վաղուց արդեն վախ չի ներշնչում, երբեմն էլ ցավոք սրտի չի ներշնչում»: