Ադրբեջանը եւ Թուրքիան այլեւս չեն թաքցնում իրենց անփոփոխ նպատակները, որ ցանկանում են վերջնականապես չեզոքացնել Հայաստանը որպես պետություն, եւ այս պայմաններում պաշտոնական Երեւանի քաղաքականությունը անհասկանալի է։ Այս մասին հունիսի 12-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Նա նշել է, որ պրագմատիզմի կարգախոսի տակ եւ, հետեւելով արեւմտյան գործընկերների խորհուրդներին, Հայաստանի իշխանությունները վերցրել են Բաքվի եւ Անկարայի անվերջ պահանջներին ամենաքիչ դիմադրության ցուցաբերման ուղեգիծ՝ հանուն ագրեսորների հետ պատրանքային խաղաղության հաստատման։

Նրա կարծիքով՝ Երեւանը պետք է շտապ փոխի իր արտաքին քաղաքականության հայեցակարգը։

«Հայաստանը 2020թ. հետո զրկվել է հիմնական գործիքներից, որոնք ապահովում էին նրա անվտանգությունը, այն է՝ ռազմական, տարածքային, տնտեսական եւ բարոյահոգեբանական, եւ ինքնիշխան ու արդյունավետ կառավարման ունակություններից։

Հայկական իշխանությունները չկարողացան կամ չցանկացան օգտագործել դիվանագիտության հնարավորությունները դիվանագիտական ճակատում իրավիճակի աստիճանական հավասարեցման եւ վերջնական պարտությունը կանխելու համար։

Սուբյեկտիվ պատճառների կողքին պաշտոնական Երեւանի ճակատագրական սխալները եւ վրիպումները հանգեցրին մի իրավիճակի, որի դեպքում արտաքին քաղաքականությունը դադարեց լինել ներքինի տրամաբանական շարունակությունը։

Այսօր հենց արտաքին ակտորներն ու գործոններն են կանխորոշում, իսկ երբեմն էլ թելադրում Հայաստանի վարքը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ մեր ներքին օրակարգը։

Հետեւաբար, արտաքին իրավիճակը եւ հատկապես արտաքին քաղաքական ճակատը մեր կախյալության եւ տարածքային ամբողջականության ամենալուրջ մարտահրավերներն են։

Ուստի, դիվանագիտությունն այսօր ամենաառջանային նշանակությունն ունի եւ պետականության պահպանման գլխավոր պաշտպանական բնագիծն է։

Անկախության վերականգնումից հետո Հայաստանն իրականացրել է արտաքին քաղաքական ռազմավարություն՝ հիմնված միջազգային հարաբերությունների զարգացման եւ գլոբալ անվտանգության հիմնական միտումների վրա՝ չեզոքացնելով մեր շահերի սպառնալիքներն ու մարտահրավերները։

Սակայն վերջին տասնամյակում ակնհայտ է դարձել, որ աշխարհակարգը, որն ստեղծվել է Սառը պատերազմից հետո, այլեւս գոյություն չունի՝ տեղը զիջելով ուժային ազդեցությանը միջպետական հարաբերություններում։

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ռազմական հաջողությունների ամրապնդմանը քաղաքական, տնտեսական եւ գաղափարախոսական չափումներում, ինչը կհանգեցնի պերմանենտ գերիշխանության հաստատման մեր տարածաշրջանում եւ Հայաստանը կվերածի անկենսունակ պետական կազմավորման։

Միջազգային հանրությանը հաճելի խաղաղության հռետորաբանությամբ ծածկվելով՝ նրանք հետեւողականորեն իրականացնում են ծավալապաշտական արտաքին քաղաքականություն։

Հայաստանն այս պայմաններում կարող է հենվել հուսալի գործընկերների վրա, որոնք մարտահրավերների, սպառնալիքների եւ շահերի նման ընկալումներ ունեն»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ դաշինքների պահպանումը եւ ստեղծումը պետք է դիտարկել որպես թուրք-ադրբեջանական միության զսպման միակ եւ իրական մեխանիզմ։