ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը եւ նրա կին Աննա Սինքլերը հայց են ներկայացրել ֆրանսիական մի քանի թերթերի եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Անրի Գենոյի դեմ, որոնք Ստրոս-Կանին մեղադրել են Ֆրանսիայում եւ Բելգիայում կավատների ցանցի հետ կապեր ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավարի պաշտոնից ամերիկացի սպասուհու հետ կապված աղմկահարույց պատմության պատճառով ազատված Ստրոս-Կանի անունը շարունակում է շոշափվել տարբեր սկանդալային պատմություններում` կապված սեռական ոտնձգությունների, մարմնավաճառների եւ այլնի հետ:
Ֆրանսիական հինգ հրատարակչություններ (Le Figaro, LExpress, Nouvel Observateur, Paris Match եւ VSD) գրել են ֆրանսիական Լիլ քաղաքի «Կարլտոն» հյուրանոցին մարմնավաճառներ մատակարարող հանցագործ ցանցի հետ Ստրոս-Կանի ունեցած կապերի մասին: Ոչ պաշտոնական տեղեկատվության վրա հիմնված հրապարակումներում վստահեցվում էր, որ աղջիկներին Լիլից Փարիզ եւ Վաշինգտոն են տեղափոխել Ստրոս-Կանի մասնակցությամբ օրգիայի համար, հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես հաղորդել է ամուսինների փաստաբանը, նրանք «չեն ցանկանում սահմանափակել կարծիքի եւ տեղեկատվության տարածման ազատությունը, բայց մտադիր չեն հաշտվել այն բանին, որ իրենց անձնական կյանքը օգտագործվում է եկամուտ ստանալու նկատառումներով»:
Ստրոս-Կանը Ֆրանսիայի նախագահի հիմնական հավակնորդներից էր համարվում: Այն բանից հետո, երբ Մանհեթանի դատարանը փակեց Ստրոս-Կանի գործը սպասուհու անընդհատ փոփոխվող ցուցմունքների պատճառով, նրա հանդեպ ֆրանսիացիների վստահությունն աճել էր, գրում է «Газета.Ru»-ն:



























