Ես եւ իմ գործընկեր պատգամավորները կենդանի պատ էինք կազմել. Աննան էր Մկրտչյան, Տիգրանը Աբրահամյանը. Մենք ուզում էինք անցնել ներս, որ հասկանանք՝ ներսում ինչ է կատարվում, որովհետեւ լուրեր էինք ստանում, որ ներսում լարված է: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ոստիկաններն սկսեցին վահաններով եւ սաղավարտներով զինված հրել, մենք հայտնվեցինք այդ արանքում: Լավ ենք բոլորս, հիմա այստեղ եմ արդեն լուսաձայնային նռնակներից եւ այլ զինատեսակներից վիրավորումներ ստացածներին տեսակցելու: Մենք առաջին հիվանդանոցում ենք, թվով շատ են, սպասում եմ գլխավոր բժշկին, որ մոտենա եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրի:

Շատ տարբեր վնասվածքներ են ստացել մարդիկ, նաեւ լսողական խնդիրներ են ստացել, որովհետեւ առանց նախազգուշացման են հատուկ միջոցները կիրառվել: Ոչ մի օրինական հրաման չի հնչել: Ոստիկաններն այնտեղ առանց ոստիկանական համազգեստի են եղել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ, ոստիկաններ:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։ Մանրամասները՝ տեսանյութում: