Շախմատի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը, որը պետք է գլխավորի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը, ունի բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի ռուսաստանցիներին վերադարձնի նախկին փառքը, հայտարարել է Ռուսաստանի շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ Եվգենի Բարեեւը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Յուրի Դոխոյանն ունի բոլոր անհրաժեշտ տվյալները, որպեսզի բարձրակարգ խաղացողներից ստեղծի մի թիմ, որն արդեն մոտ ապագայում ի վիճակի կլինի վերադարձնել շախմտային գագաթը: Ես որպես Ռուսաստանի բոլոր շախմատային հավաքականների գլխավոր մարզիչ վստահ եմ, որ նա ի զորու է դա անել: Անցյալում Գարի Կասպարովի հետ աշխատած, կանանց հավաքականին ամենախոշոր մրցումներում հաղթանակի հասցրած մասնագետը շատ բան կարող է: Իհարկե, Յուրի Դոխոյանին թիմ ստեղծելու բարդ ճանապարհ է սպասվում: Սակայն այն շախմատիստը, որը չի ընդունի Դոխոյանին մեծ հաճույքով կխաղա անհատական մրցաշարերում: Մեր երկրում շատ ուժեղ շախմատիստներ կան, որոնք կմոռանան անձնական հավակնությունների մասին եւ թիմում հանդես կգան Ռուսաստանի համար», – ասել է Բարեեւը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ տղամարդկանց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը:
Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը երկար տարիներ եղել է Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան: Վերջին անգամ նա Կասպարովին պայքարի է դուրս բերել 2005թ. մարտին, աշխարհի 13-րդ չեմպիոնի վերջին պաշտոնական պարտիայում:
Նախորդ երեք տարիներին Դոխոյանի գլխավորությամբ կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճել է Խանտի Մանսիյսկի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը, աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսն ու Եվրոպայի երկու չեմպիոնական տիտղոսները:



























