Մեր խնդիրն է, որ առաջին փուլով նախ օգնել, որ ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ բնակարանները վերադառնան, եւ մենք պետք է աջակցենք նրանց բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրորդը, պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ ել խոսել ենք, որ դրա համար մեր ուղենիշներից մեկը լինելու է այն ապրանքային մնացորդները եւ այն շրջանառությունը, որը մենք տեսնում ենք ՊԵԿ-ի համակարգերով:

Հաջորդը, որ էլի հրատապ է, ավտոմեքենաների հետ կապված խնդիրն է, որը էլի պետք է լուծենք: Ենթակառուցվածքների մասով, այս փուլում նախ ժամանակավոր կամուրջներով կլուծենք ավերված կամուրջների հարցը, իսկ երկարաժամկետում որոշեցինք հաճելին օգտակարի հետ համատեղել եւ բոլոր այն տեղերում, որտեղ պետք է կամուրջներ վերականգնենք,  լուրջ կամուրջներ նախագծենք, որոնք կլինեն ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածք, այլեւ տեսարժան վայր, կներգրվեն միջավայրի կոլորիտի մեջ»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ ինչքան նոր է կամուրջը, այնքան գեղագիտական տեսքից զուրկ է. «Մենք ինչպես ճանապարհներին սեւ կետեր ենք ֆիքսում, փորձում առանձնացնել  եւ դուրս բերել դրանք, այստեղ էլ մենք գետերի հուների սեւ կետեր պետք է առանձնացնենք: Այնտեղ, որտեղ ճանապարհների ավերածություններ ունենք, գետերի հուները նույն տրամաբանության մեջ են: Այդ հարվածի անկյունները երբ ճիշտ ուղղորդված չեն, այդ տեղերում ունենում ենք խնդիրներ»,-ասաց Փաշինյանը: