Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված նոր հայտարարություններն ու պահանջները նրան բնորոշ ապակառուցողական հռետորաբանություն են։ Այս մասին հունիսի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական պետության ղեկավարի վերջին հայտարարությունները։
Ավելի վաղ, Ալիեւը խոսել էր Հայաստանի Սահմանադրությունը փոխելու եւ, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանություն»-ը ճանաչելու անհրաժեշտության մասին։
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել։
«Ալիեւը պարզապես չի կարող նման պահանջներ ձեւակերպել։ Այն, որ իր հարցազրույցի ժամանակ նա որոշակի հայտարարություններ է անում, չի նշանակում, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում դա պետք է ներկայացվի որպես ինչ-որ պահանջ Հայաստանի իշխանություններին, իսկ հետո ընդդիմության կողմից ներկայացվի որպես հանցավոր պայմանավորվածություններ»,- պարզաբանեց պատգամավորը։
Միաժամանակ, նա հիշեցրեց, որ Իլհամ Ալիևի հայտարարություններին հաջորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը։
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քննարկումները սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո։ Այնպես որ, այս գործընթացները ոչ մի կերպ կապված չեն Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները

Հասանելի է
русскийՊատմություն
Թեմա




























