Չինաստանը երեքշաբթի ՆԱՏՕ-ին կոչ է արել «դադարեցնել Ուկրաինայի պատերազմի մեղքը ուրիշի վրա դնելը» այն բանից հետո, երբ դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլտենբերգը Պեկինին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ Ռուսաստանին աջակցելու պատճառով։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուիցչ Լին Ցզյանը հերթական ճեպազրույցում, նրա խոսքերը մեջբերել է AFP գործակալությունը։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երկուշաբթի Չինաստանին կոչ է արել պատասխան տալ Ուկրաինա ներխուժմանը Պեկինի աջակցության համար։
Երեքշաբթի Պեկինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն «պետք է զբաղվի ինքնավերլուծմամբ, այլ ոչ թե զրպարտությամբ եւ Չինաստանի վրա հարձակումներով»։
«Մենք խորհուրդ ենք տալիս (ՆԱՏՕ-ին) դադարեցնել մեղքը ուրիշի վրա բարդելը եւ պառակտում սերմանելը, յուղ չլցնել կրակին եւ առճակատում չհրահրել, այլ ինչ-որ գործնական բան անել ճգնաժամի քաղաքական կարգավորման համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը ամրապնդվել է Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո, բայց Պեկինը հերքում է Արեւմուտքի մեղադրանքներն այն բանում, որ նա օգնում է Մոսկվային։
Անցած շաբաթ «Յոթնյակի երկրները» հայտնեցին, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել Չինաստանում եւ երրորդ երկրներում օբյեկտների դեմ, որոնք նյութապես աջակցում են ՌԴ ռազմական մեքենային Ուկրաինայի դեմ իր զավթողական պատերազմում։


























