Կարող է պահը գա եւ այդպիսի որոշում էլ կայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետը խոսում է Բելառուս չգնալու մասին, սակայն Ռուսաստանի մասով նման հայտարարություններ չեն արվում:

«Բելառուսի նախագահն իրեն պահում է լկտիի նման: Եթե Պուտինն էլ իրեն պահի լկտիի նման, այդ նախաձեռնությունն էլ կարող է առաջանալ մեր մեջ: Ձեզ թվում է, որ հանկարծ վարչապետը հելավ ու որոշե՞ց, խոսակցություններ են լինում մեր մեջ, զրուցում ենք, քննարկում ենք: Լուկաշենկոն եկել է մեր հարեւան պետության հետ, որի հետ մենք թշնամական հարաբերությունների մեջ ենք, իսկ իր հետ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, լկտի բացահայտումներ է անում, չափի մեջ էլ չի մնում: Դրա համար է այդ գնահատականին արժանացել:

Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ, որովհետեւ իրենից չառներ, ուրիշից կառներ: Բայց Ռուսաստանն էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում իր բարձրության վրա չի գտնվել: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ չպետք է գցենք Ռուսաստանի ու Բելառուսի վրա, որովհետեւ մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը: Այդ ամենի համատեքստում մենք պետք է մեր գնահատականը տանք: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, վաղը չգիտենք՝ ինչ կլինի Ռուսաստանում»,-ասաց Հովիկ Աղազարյանը: