Ուկրաինա ներխուժման սկզբում զգալի կորուստներ կրելով՝ ռուսական ավիացիան հետագա ռազմական գործողություններում գրեթե երկու տարի էական դեր չի խաղացել։ Սակայն անցած ձմռանից այն նկատելիորեն ակտիվացել է։
Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի պակասը և հին խորհրդային ռումբերի արդիականացումը Ռուսաստանի ռազմաօդային ուժերին հնարավորություն տվեցին սկսել Ուկրաինայի ռազմական դիրքերի և խաղաղ քաղաքների զանգվածային ռմբակոծումը:
Դրանք ռմբակոծելու նպատակով ուկրաինական սահմանի երկայնքով դաշտային օդանավակայաններ են կառուցվել՝ ինչի պատճառով 2024 թվականին մերձռազմաճակատային քաղաքների ավերածությունները աննախադեպ չափերի են հասել։ Դրա մասին հայտնել է Associated Press գործակալությունը, որը վերլուծել է անօդաչու թռչող սարքերի կադրերը, արբանյակային պատկերները, ուկրաինական փաստաթղթերը և ռուսական Զինուժի լուսանկարները:
Շրջանային դատախազության աշխատակից Սպարտակ Բորիսենկոն AP-ին հայտնել է, որ Ռուսաստանն այս տարի ավելի քան 50 անգամ ռմբակոծել է Խարկովը։
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա։ Եվս մեկը 2023 թվականի ամռանից կառուցվում է Բելգորոդի մերձակայքում. հունիսի կեսին արված լուսանկարը ցույց է տալիս, որ այնտեղ աշխատանքները դեռ ավարտված չեն:
Ուկրաինայի հետախուզության աշխատակիցը AP-ին հայտնել է, որ Բելառուսը միաժամանակ ապաստան է տրամադրում ռուսական ինքնաթիռներին։ Ուկրաինական DeepState կայքի կազմած քարտեզը, որը վերլուծում է իրավիճակը ճակատում, ցույց է տալիս Բելառուսի 10 օդանավակայան, ներառյալ՝ հինգն ուկրաինական սահմանի մոտ։
Ընդհանուր առմամբ, DeepState-ը գնահատում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը շահագործում են 51 ավիաբազաներ Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներից 600 կմ հեռավորության վրա, այդ թվում՝ երեքը՝ երկրի օկուպացված արևելյան շրջաններում, վեցը՝ Ղրիմում և 32-ը՝ Ռուսաստանում:
Ռուսաստանը ռումբեր ստացել է՝ փոխակերպելով խորհրդային բարձր պայթյունավտանգ օդային ֆուգասային ռումբերը (ФАБ), որոնք հագեցած են կես տոննայից մինչև 3 տոննա կշռող պայթուցիկներով. նրանք ավելացրել են տեղակայվող թևեր և արբանյակային նավիգացիոն համակարգ: Ինքնաթիռները դրանք կարող են արձակել թիրախից 60-70 կմ հեռավորության վրա։
Պայթյունի վայրում, որը կարող էր ոչնչացնել մի ամբողջ շենք, մնացել է մինչև 6 մ խորությամբ և 20 մ տրամագծով խառնարան։ Ինչպես ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, «նրանք ըստ էության շատ պարզ են, դրանք չեն կարող ճնշվել [էլեկտրոնային պատերազմով], չես կարող թաքնվել նրանցից, միակ ճանապարհը նման ռումբ կրող ռմբակոծիչը խոցելն է»։
Ռմբակոծությունների ինտենսիվացումը զգալիորեն արագացրեց քաղաքների ավերման տեմպերը։ Ըստ AP-ի հավաքած լուսանկարների՝ Ռուսաստանին մեկ տարի պահանջվեց Բախմուտը գրավելու համար, որտեղ առաջին անգամ կիրառվեցին սահող ռումբեր, մի քանի ամիս Ավդեևկան գրավելու համար, և ընդամենը մի քանի շաբաթ Վովչանսկն ու Չասով Յարը գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու համար:




























