Երեւանում անցկացվող ամենամյա միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային 2012 թ. կհրավիրվի նաեւ Թուրքիան: Այդ մասին այսօր` նոյեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Նշենք, որ միկրոէլեկտրոնիկայի առաջին օլիմպիադան Հայաստանում անցկացվել է 2006 թ: 2010 թ. սկսած այդ օլիմպիադաները դարձել են միջազգային: Ընդ որում` միկրոէլեկտրոնիկայի բնագավառում սա ողջ աշխարհում միակ նմանատիպ միջազգային օլիմպիադան է:
2011 թ. օլիմպիադային մասնակցել են 11 երկրների «ազգային» օլիմպիադաների հաղթողները` ԱՄՆ, Ռուսաստան, Հորդանան, Հնդկաստան եւ այլն: Ըստ Հ. Մուսայելյանի` Չինաստանը չմասնակցեց օլիմպիադային զուտ տեխնիկական պատճառներով: Օլիմպիադան հովանավորվում է «Վիվասել-ՄՏՍ» ընկերության կողմից:



























