Մահացել է ադրբեջանցի գրող-հրապարակախոս Ռաֆիգ Թաղին: Ինչպես հաղորդում է Trend-ը, նա մահացել է այսօր` նոյեմբերի 23-ին, տեղի ժամանակով 15:40-ին, հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է հարձակման ենթարկվելուց հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձինք նոյեմբերի 19-ի երեկոյան հարձակվել են Ռաֆիգ Թաղիի վրա եւ դանաիկի մի քանի հարված հասցրել նրա թիկունքի ու վզի շրջանում: Գրողի կյանքը փրկել է նրա կոստյումի ծոցագրպանում գտնվող գիրքը: Դանակը ծակել է գիրքը` չհասնելով սրտին:
Նրա մոտ հայտնաբերվել էր մեջքի, կողոսկրի կոտրվածք, ներքին օրգանների վնասվածք: Նոյեմբերի 20 –ի առավոտյան Թաղին վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հեռացվել է նրա փայծաղը:
Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել:
«Ենի Մուսավաթը» հաղորդում է, որ որոշ փորձագետների համոզմամբ, Թաղիի վրա կատարված հարձակումը կարող է միտումնավոր արվել երկրի մի շարք շահագրգիռ ուժերի կողմից եւ բացառված չէ, որ դրա նպատակը երկրում կրոնական տարրերի դեմ ատելություն առաջացնելն է եղել:



























