Սթիվ Ջոբսի այրի Լորեն Փաուելին խորհուրդ են տալիս անմիջապես վաճառել ամուսնու` Apple եւ Disney ընկերություններում ունեցած բաժնետոմսերը, որպեսզի խուսափի լրացուցիչ եկամտահարկեր վճարելուց:
Սակայն բաժնետոմսերը վաճառելը հեշտ չէ` հաշվի առնելով փաթեթի մեծությունը եւ շուկայի անկայունությունը, կարծում են փորձագետները, գրում է Bloomberg-ը:
Հիշեցնենք, Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է ընթացիկ տարվա հոկտեմբերին` քաղցկեղից: Նրա կտակի մասին մանրամասներ չեն հայտնվել:
Համաձայն հրատարակչության` Ջոբսին են պատկանել Disney ընկերության 138 մլն բաժնետոմսերը, որոնք նոյեմբերի 22-ի դրությամբ 4,74 մլրդ դոլար արժեին, եւ Apple-ի 5,55 մլն բաժնետոմսերը` 2,5 մլրդ դոլար արժողությամբ:
Երբ Ջոբսի առողջությունը վատացել է, նա բաժնետոմսերը փոխանցել է հավատարմագրային հիմնադրամին, ինչը հեշտացնում է ունեցվածքի բաշխումը ժառանգներին եւ թույլ է տալիս խուսափել ժառանգության հարկից:
ԱՄՆ օրենսդրությամբ` հիմնադրամը կարող է վաճառել բաժնետոմսերը` վճարելով միայն Սթիվ Ջոբսի մահից հետո դրանց արժեքների ավելացումից ստացած եկամտահարկը: Այդ եկամուտը կազմում է 338 մլն դոլար:
Եթե կինը Ջոբսի միակ ժառանգն է, երկու գործարքների համար կարող է ստանալ 6,9 մլրդ դոլար: Հարկերի տնտեսումը կկազմի 867 մլն դոլար: Ջոբսի ընտանիքը նաեւ կազատվի ժառանգության հարկի 35%-ից` մինչեւ Լորենի մահը կամ փողը ուրիշներին փոխանցելը:



























