Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` նոյեմբերի 23-ին, ընդունել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը: NEWS.am-ին ԱԱԽ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաեւ 2012թ. Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը: 

Նշենք, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերի նախապատրաստմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նոյեմբերի 25-26-ը Հայաստանում կգտնվի նաեւ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: