Ռուսաստանը պատրաստ է բարեկամական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, Պրիմակովյան ընթերցումների շրջանակում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։
Նա ընդգծել է, որ «տանգոն երկուսով են պարում», ուստի «վերջնական արդյունքը կախված է Երևանից», հայտնում է NEWS.ru-ն։
«Ռուսաստանը ամբողջապես պատրաստ է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, մենք մինչև վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, դա կախված է այն բանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գիտակցում Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմի ռիսկերը»,- ասել է Կոսաչովը։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արևմուտքի հետ «անպատասխանատու» է։
Ըստ ռուս սենատորի՝ «հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արևմուտքի հետ մերձեցումը, ուստի Ռուսաստանը Հայաստանի համար նման ճակատագիր չի ցանկանում»։
«Տանգոն երկուսով են պարում». ռուս սենատորը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին





























