Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկու շաբաթ առաջ որոշում է ընդունել վերականգնել Իրանի միջուկային ծրագրի ուսումնասիրման վեց աշխատանքային խմբերի գործունեությունը։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի եւ ամերիկացի պաշտոնյաներին:
Նրանց տեղեկացմամբ՝ ստորաբաժանումները չեն գործել մեկուկես տարի Իսրայելի վարչապետի ներքին քաղաքականությունում զբաղվածության եւ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով։ Նեթանյահուն հանձնարարել է վերականգնել նրանց աշխատանքը հրեական պետության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիին, որը համակարգելու է նրանց գործունեությունը։
Axios պորտալի աղբյուրների տեղեկացմամբ՝ խմբերից մեկը գլխավորում է «Մոսադ» հետախուզական ծառայությունը եւ զբաղվում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով, մասնավորապես՝ նրա պոտենցիալ «ռազմական» բաղադրիչով։ Երկրորդ խմբի աշխատանքը համակարգում է ՇԱԲԱԿ-ը (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն), այն պատասխանատու է «իսրայելական հասարակության վրա իրանական ազդեցության ուսումնասիրման համար։ Մյուս ստորաբաժանումները զբաղվում են հետախուզության, կիբեռանվտանգության ապահովման, Իրանի տարածաշրջանային դաշնակիցների (հանձին «Հեզբոլլահի») հետագա քայլերի կանխատեսման, Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժման եւ Իրաքի ու Սիրիայի շիա աշխարհազորայինների հարցերով։
Խմբերն ստեղծվել են ԱՄՆ եւ Իսրայելի մտահոգության հետ կապված՝ Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերի ավելացման առումով, այդ թվում ԱՄՆ նախագահի ընտրություններով պայմանավորված, նշել է Axios-ը։ Նրա աղբյուրները հավաստիացնում են, որ Իրանը կարող է իբր օգտվել անցումային շրջանից 2024թ. նոյեմբերից հետո՝ «միջուկային զենքի ստեղծման հարցում թռիչք կատարելով»։ ԱՄՆ հետախուզական հանրույթը նախկինի պես կարծում է, որ Թեհրանը չի ձգտում ստեղծել միջուկային զենք, պորտալի հետ զրույցում նշել է ամերիկացի պաշտոնյան։





























