Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի, քանի որ նախընտրական շրջան է սկսվում Հայաստանում, ապա Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Ռուսաստանում: Այսօր` նոյեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նշեց, որ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ եւ անընդհատ փորձելու է ԼՂ խնդրի ֆորմատը տեղափոխել այնտեղ, առաջիկա երկու տարիներին ոչ մի առաջընթաց էլ պետք չէ ակնկալել:
«Միջնորդների առաքելությունը կայանալու է պատերազմի հավանականությունը զրոյի հավասարեցնելու մեջ: Իրենք էլ շահագրգռված չեն, որ խնդիրը կարգավորվի»,- ընդգծեց Մանոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ՊՆ-ի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմի սադրիչ քայլերին պատասխանը ոչ համաչափ է լինելու, Մանոյանն ասաց. «Համոզված ենք, որ Ադրբեջանին զսպելու միակ ձեւը համապատասխան գործողություններն են: Համապատասխան, չեմ ասում համարժեք, բայց ինչ-որ բան անել պետք է: Միջազգային հանրությունը պետք է հասկացնի Ադրբեջանին: Միաժամանակ մենք պետք է ակտիվացնենք դիվանագիտությունը եւ հասնենք լուրջ հաջողությունների»:
Նրա խոսքով, Ալիեւի կողմից պատերազմ սանձազերծելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ՝ հակառակ իրենց արած ծախսերի, թեեւ նման միջադեպերը կարող են բերել դրան: «Իրենք վստահ չեն, որ կհաղթեն: Այն օրը, երբ պատերազմ սկսեն, կզրկվեն նավթից ստացվող եկամուտներից: Ռուս-վրացական պատերազմը հինգ օր տեւեց, իսկ նավթամուղը փակվեց մեկ ամիս: Եթե պատերազմ լինի, պատկերացրեք թե ինչ տեղի կունենա»,- ամփոփեց ՀՅԴ-ական գործիչը:




























