Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում հայերի համար իրավիճակը մտահոգիչ կդառնա, եթե Թուրքիան սկսի ավելի մեծ դեր խաղալ, այդ իրադարձություններում: Այսօր` նոյեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, հավելելով, որ Մերձավոր Արեւելքում իրադարձություննեը մեզ հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են առնչվել հայերին:
Նա անդրադարձավ նաեւ ՌԴ վարչապետ Պուտինի առաջարկած Եվրասիական միության գաղափարին, նշելով. «Դեռ շուտ է որոշել դրա նպատակահարմարության խնդիրը: Նախ դա տնտեսական կառույց է, որում կարող են քաղաքական երանգներ լինել: Հայաստանը պետք է կողմնորոշվի: Նաեւ սահման չունենալն է բարդացնում մեր խնդիրը»,-ասաց նա ու հավելեց. «Հետաքրքիր մի բան, ծագումով թուրք մի վերլուծաբան ԱՄՆ-ում վերլուծություն է հրապարակել, որ Ռուսաստանի այս նախաձեռնությունն ուղղված է Թուրքիայի դեմ, զսպելու էքսպանսիոն ձգտումները Միջին Ասիայում»:
Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը, դաշնակցական գործիչը նշեց, որ այդ զարգացումները մտահոգիչ են: «Պատերազմի հավանականությունը քիչ է, բայց հնարավոր են ռազմական գործողություններ, հատկապես Իսրայելի կողմից, ինչի վերաբերյալ արտահայտվել են նաեւ Արեւմուտքում: Իսրայելում կա այդ ցանկությունը, ինչը մեզ համար շատ վտանգավոր է, Իրանը մեր հարեւան եւ բարեկամ երկիրն է»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:



























