Իրանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 12 գործակալներ են ձերբակալվել: Այս մասին հայտնել է խորհրդարանի պատգամավոր եւ երկրի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Փարվիզ Սորուրին:
Պատգամավորն ասել է, որ լրտեսական ցանցը ստեղծվել էր երկրի անվտանգության, ռազմական եւ միջուկային համակարգերին վնաս հասցնելու նպատակով, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը: Ըստ նրա`ձերբակալված գործակալները, իսրայելյան հետախուզական ծառայության աջակցությամբ, ծրագրել էին Իրանի ռազմական եւ միջուկային օբյեկտների աշխատանքի խափանումը:
Սորուրին չի նշել, թե ձերբակալված գործակալները որ երկրի քաղաքացիներ են: Նաեւ անհայտ է, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում են լրտեսներին ձերբակալել:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել Լիբիայում եւ Իրանում ԿՀՎ-ի գործակալական ցանցերի բացահայտման մասին:



























