Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության կարևոր հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանում առկա իրավիճակին։ Ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Զրուցակիցները շեշտել են ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր նախագծերի իրագործման հարցում համատեղ ջանքերի կարևորությունը։

Կողմերն ընդգծել են տարանցիկ և լոգիստիկ գործառույթի ամրապնդմանն ուղղված նախագծերի առանձնահատուկ նշանակությունը, ներառյալ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը և Անակլիա խորջրյա նավահանգիստը։