«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը  Beeline) հայտարարում է «Elenar» ռուս-հայկական կենտրոնի հետ երկարատեւ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին: «Elenar»-ը հանդիսանում Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության Հայաստանյան կենտրոնը: 

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագործակցություն շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կենտրոնին կցուցաբերի տեխնիկական աջակցություն հեռահար ուսուցման կուրսերի կազմակերպման գործում, ինչպես նաեւ կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը:

Հանրապետության տարածքում այսօր գործում է «Elenar» հեռահար տեխնոլոգիաների վեց կենտրոն` Երեւանում, Գյումրիում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում եւ Իջեւանում: Առաջիկայում եւս մեկ մասնաճյուղ կբացվի Ստեփանավանում:

«Հեռահար տեխնոլոգիաների ռուս-հայկական կենտրոնը հայ ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ստանալու ուսուցում իրենց մշտական բնակության վայրում: Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը, քանի որ վերջինիս աջակցության շնորհիվ մենք այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպենք ուսումնական գործընթացը կենտրոնի բոլոր մասնաճյուղերում», - նշեց «Elenar» կենտրոնի տնօրեն Լարիսա Ռշտունին:

Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան հիմնադրվել է 1992 թ-ին: 2010թ-ի դրությամբ ակադեմինա պատրաստել է ավելի քան  240 հազ մասնագետ:  Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը գործում է 1995թ-ից: