Հայաստանի կառավարության այսօրվա` նոյեմբերի 24-ի որոշմամբ հանվեց մարդատար-տաքսիների նկատմամբ կիրառվող տարիքային սահմանափակումը: Նշենք, որ 2009 թ. կառավարությունը որոշում ընդունեց արգելել 10 տարուց ավելի տարիք ունեցող մարդատար մեքենաների շահագործումը որպես տաքսի: Այն ժամանակ որոշումը բողոքի բուռն ակցիաներ առաջացրեց, որին ստիպված էր միջամտել նույնիսկ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը:
Սակայն փորձը ցույց տվեց, որ հատկապես մարզերում մեծամասամբ հին մեքենաներն են օգտագործվում որպես տաքսի: Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած պարզաբանման` ոլորտում ստվերային ձեւով ներգրավված են մեծ թվով տրանսպորտային միջոցներ, որոնք տեխնիկապես սարքին վիճակում են գտնվում, սակայն իրավունք չունեն օրինական կարգով ներգրավվելու փոխադրումների իրականացման գործընթացում:
Կառավարության այսօրվա որոշումը թույլատրում է հին տրանսպորտային միջոցներն օգտագործել որպես տաքսի, սակայն դրանք պետք է պատշաճ տեխզննում անցնեն:
Հատկանշական է, որ սույն որոշմանը գրավոր առարկել է Երեւանի քաղաքապետարանը, ինչը պատահական չէ` երեւանյան տաքսիները հիմնականում նորացվել են, մարդիկ նույնիսկ հրաժարվում են հին տաքսիներից օգտվել: Սակայն մարզերում, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի, այս խնդիրը առկա է, ուստի հարկավոր է մարդկանց պարզապես օրենսդրական դաշտ վերադարձնել:



























