Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին Ֆրանսիայի Սենատին ներկայացնելը Սենատի սոցիալիստ անդամ  Ֆիլիպ Կալտենբախի զուտ անձնական նախաձեռնությունն է: Այդ մասին ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին:

«Չնայած սոցիալիստական կուսակցությունից նախագահական թեկնածուն (Ֆրանսուա Օլանդը- խմբ.) հայտարարել է, թե այդ խնդրին կողմ է»,- նշել է Մանոյանը` կարծիք հայտնելով, որ եթե օրինագիծն ընդունվի օրակարգ, հավանականությունն ավելի մեծ է, որ այս անգամ ընդունվի:

«Բայց այս անգամ, ի տարբերություն նախորդի, սա նոր սկիզբ է լինելու, այսինքն պետք է նոր օրինագիծ դառնա, ապա ստորագրվի Սարկոզիի կողմից»,- նշեց նա:

Անդրադառնալով օրինագծին Թուրքիայի հնարավոր հակազդեցությանը, Կիրո Մանոյանը նկատեց, թե Թուրքիան նախորդ դեպքերի պես նեղացածի դիրք կստանձի, բայց մեկ-երկու շաբաթ անց ամեն ինչ կմոռանա եւ կշարունակվեն հարաբերությունները երկու դաշնակիցների միջեւ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ է վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին, 196 դեմ եւ 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախորդ նախագիծը: