Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Հարավային Քալիֆորնիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, որ կազմակերպությունը շոշափելի դերակատարություն ունի Արցախի կյանքում, եւ այս կառույցի հետ համագործակցությունը կարեւորվում է պաշտոնական Ստեփանակերտի կողմից: Նախագահ Սահակյանը նշել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը եւ ավելի ակտիվացնել այն:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: