Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Իրաքը պետք է օգտագործի միջուկային էներգիայի ոլորտում Իրանի 50-ամյա փորձը, հաղորդում է Mehr-ը:
Գեներալ-մայոր Սաֆավին ելույթ է ունեցել Թեհրանի իմամ Հոսեյնի անվան ունիվերսալ համալսարանում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարար Նաիմ Ալ-Աբուդին։
«Իրաքն ու Իրանը միմյանց լրացնող աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական և աշխարհամշակութային երկրներ են: Ներկայումս ավելի քան 80 000 իրաքցի ուսանող է սովորում Իրանի համալսարաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Իրանն ու Իրաքը Գազայի ժողովրդին աջակցելու ռազմավարություն ունեն»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր գիտելիքներ ունի տարբեր գիտություններում, այդ թվում՝ հումանիտար, տեխնոլոգիական, տնտեսագիտական և պաշտպանական ոլորտներում, և մենք պատրաստ ենք Իրաքին տրամադրել մեր այդ գիտելիքներն ու փորձը,- հավելել է նա։- Ես ուրախ եմ այն քայլերից, որոնք դուք այժմ ձեռնարկում եք միջուկային էներգիայի մասին գիտելիքներն ընդլայնելու համար, և առաջարկում եմ ձեզ օգտագործել միջուկային էներգիայի ոլորտում մեր 50-ամյա փորձը և մեր ուսանողներին»:





























