«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի ցանկանում դառնալ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ կամ փոխնախագահ: Նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հադիպմանը ՕԵԿ փոխնախագահն անդրադարձել է իր անվան շուրջ շրջանառվող լուրերին եւ նշել. «Խոսնակ դառնալու մասին խոսակցությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում. դա ՀՀԿ խնդիրն է, նրանք կառաջադրեն իրենց թեկնածուներին»:
Ըստ Բիշարյանի, ինքը բարձր պաշտոն ունի` ՕԵԿ փոխնախագահի պաշտոնը: «Ցանկություն չունեմ ԱԺ-ում նման պաշտոն ունենալ: Այդ պաշտոնն ինձ չի հետաքրքրում, իսկ կուսակցության փոխնախագահ լինելն ինձ համար մեծ պաշտոն է»,- ընդգծել է նա` հավելելով, որ խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, հենց նա էլ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Որպես ԱԺ փոխնախագահ նշվում էր Հերմինե Նաղդալյանի կամ Հեղինե Բիշարյանի անունները:




























