Երկու տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի առանձին մարզերի միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 2,5 անգամ՝ շնորհիվ ձեռք բերված համաձայնագրերի, ընդ որում՝ աճի պոտենցիալը դեռ սպառված չէ։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«ՌԴ ավելի քան 70 մարզերի հետ ստորագրվել են համաձայնագրեր։ Դա հանգեցրել է այն բանին, որ մեր կապերը Ռուսաստանի մարզերի հետ այս [միջմարզային] մակարդակում ամրապնդվել են։ Ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում ավելացել է 2-2,5 անգամ, սա լուրջ ցուցանիշ է։ Եվ սա ամբողջ պոտենցիալը չէ, այն սպառված չէ»,- ասել է նա՝ նշելով, որ, մասնավորապես, Հայաստանը նախատեսում է կապեր հաստատել Բելգորոդի մարզի հետ։

Հարությունյանը նշել է, որ Հայաստանը եւ ՌԴ-ն ունեն դաշնային մակարդակի ավելի քան 200 համաձայնագիր տարբեր ոլորտներում, այդ թվում մոտ 30-ը՝ միայն վերջին երկու տարում։